«Հարմոնի ֆարմ» գյուղատնտեսական ընկերություն

«Հարմոնի ֆարմ» գյուղատնտեսական ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին Շիրակի մարզի Առափի համայնքում՝ մարզկենտրոն Գյումրիից 2 կմ հեռավորության վրա։ Տնտեսությունը զբաղվում է բարձրարժեք խոտաբույսերի, համեմունքների, թեյաբույսերի, դեղաբույսերի, հատիկաընդեղենների, ինչպես նաև սերմերի արտադրությամբ և վերամշակմամբ: Ընկերության գլխավոր նպատակներից մեկը Շիրակի մարզում կանաչ գյուղատնտեսությունը զարգացնելն է։ Այն նաև նպատակաուղղված է հնարավորություն տալ գյուղատնտեսությամբ զբաղվողներին գործնականում տեսնել և շոշափելի կերպով զգալ կանաչ գյուղատնտեսության ներուժն ու հեռանկարները, ինչպես նաև ունենալ փորձի փոխանակում:

«Հարմոնի ֆարմ» ընկերության ենթակայության տակ է գտնվում սեփականաշնորված շուրջ 15 հա վարելահող և 20 հա վարելահող վարձակալական սկզբունքներով: Ունի 150 քմ արտադրական տարածք, 120 քմ պահեստային տարածք և 300 քմ բարձրարժեք և տարատեսակ խոտաբույսերով համալրված ցուցադրական տնկարան դասընթացների, փորձի փոխանակման, մասնագիտական խորհրդատվության ու հանդիպումների համար:

Ընկերությունը կազմված է երկու հիմնական տեղամասերից՝ ցուցադրական և արտադրական բաժիններից: Ցուցադրական մասում տեղակայված են փոքր ջերմոցներ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր բուսատեսակների համար ապահովել բույսի աճի ու զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ Ոռոգումը կատարվում է կաթիլային եղանակով։ Համակարգն ունի նաև հողի խոնավությունը չափող սենսորային սարք: Այս տեղամասը ծառայում է որպես մայրական տնտեսություն խոտաբույսերի սածիլներ աճեցնելու համար: Այստեղ կարելի է ձեռք բերել գործնական գիտելիքներ, ինչպես նաև կազմակերպել փորձի փոխանակման հանդիպումներ: Տնտեսությունն ունի հողի մշակման համար անհրաժեշտ գրեթե բոլոր գործիքներն ու տեխնիկական միջոցները, ինչպես նաև հետցանքսային վերամշակման ու սերմերի զտման հոսքագիծ: Արտադրական մասը կազմում է շուրջ 35 հա, որը տարեցտարի ավելի է ընդլայնվում:

«Հարմոնի ֆարմ» ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ գյուղատնտեսական խորհրդատվություն, սերմերի զտում, վերամշակում, աղում, ցանքի կատարում, հողի նախապատրաստում հողաֆրեզի կամ գութանի օգնությամբ, ոռոգման համար նախատեսված ակոսների փորում, հակավորում, բարձրարժեք խոտաբույսերի սածիլների վաճառք, թարմ և չոր թեյաբույսերի վաճառք, համեմունքների վաճառք՝ մանանեխի, չամանի, չորացրած ծիտրոնի, սամիթի, ռեհանի սերմերի, հատիկաընդեղենների, հացազգիների, կտավատի, ցորենի, գարու և վարսակի:

«Հարմոնի ֆարմ» ընկերությունը մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» (EU-GAIA) ծրագրին ՄԱԶԾ բաղադրիչի հետ՝ ստանալով դրամաշնորհ գործունեությունը մեկնարկելու և զարգացնելու համար։

Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք այցելել հետևյալ հարթակներ՝

https://www.facebook.com/HARMONYFAR/

https://www.youtube.com/@HarmonyFar

https://www.instagram.com/harmony___farm/

Loading