«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ)

«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի (ԱՀԿՄԿ) (www.icare.am) կողմից Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ։

Նախագծի շրջանակում թարմացվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի կրթական ծրագրերը, ներդրվում են նոր առարկաներ և արդիականացվում առկա առարկաների ուսումնական նյութերը։ Բացի այդ կազմակերպվում են վերապատրաստումներ համալսարանի և գյուղատնտեսական քոլեջների դասախոսական կազմի համար։ 2022 թվականին անցկացվել է նաև պտղաբուծության մասնագիտական կարճաժամկետ հավաստագրման ծրագիր, որին հաջողությամբ մասնակցել են մոտ 80  մասնակիցներ, ովքեր հնարավորություն են ստացել նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու և իրենց կարիերան կառուցելու այգեպտղաբուծության ոլորտում։ Նախագծի ընթացքում կազմակերպվելու է նաև ամառային երիտասարդական ճամբար ՀԱԱՀ ուսանողների համար։

Նախագծի շրջանակում ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տարածքում ուսումնա-ցուցադրական նպատակով հիմնվել է ինտենսիվ պտղատու այգի՝ համալրված կաթիլային ոռոգման համակարգով և հակակարկտային ցանցով։ Այգին հասանելի կլինի բոլոր հետաքրքրված անձանց համար, սակայն նախևառաջ կծառայի ագրարային համալսարանի ուսանողադասախոսական կազմին՝ թույլ տալով տեսական գիտելիքներից բացի զարգացնել նաև իրենց գործնական գիտելիքներն ու հմտությունները։

Նախագծի համար ստեղծվել է այգեպտղաբուծության վերաբերյալ կայքէջ՝ www.aygi.am։ Aygi.am-ը հնարավորություն է ընձեռում պտղաբուծության ոլորտի շահառուներին՝ մասնավորապես ֆերմերներին և ուսանողներին, ձեռք բերելու ոլորտին առնչվող գիտելիքներ՝ շնորհիվ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում պատրաստվող տեսանյութերի և տարբեր աղբյուրներից կայքում մեկտեղված տեղեկատվական նյութերի։ Կայքը պարբերաբար թարմացվում է պտղաբուծության տարբեր թեմաներին առնչվող ուսուցողական տեսանյութերով, որոնք կիրառելի և ուսուցողական են ոլորտում որոշակի գործունեություն ծավալող անձանց համար։

Կայքի հիմնական բաժիններն են․

 

  • Տեսանյութեր,
  • Հրապարակումներ և խորհրդատվություն,
  • Վերապատրաստումներ,
  • Ծրագրեր,
  • Ծառայություններ:

Կայքում առկա են թեմատիկ տեսանյութեր` ուղղված հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարին, ոռոգմանը, պարարտացմանը, ծառերի էտին և այգեպտղաբուծության այլ թեմաներին։ Ցուցադրվում են նաև փորձագիտական նպատակներով ինտենսիվ և ավանդական այգիներ իրականացված այցերը։ Հրապարակումներ բաժնում ներկայացվում են Ֆրուտենիա նախագծի կրթական բաղադրիչի շրջանակում իրականացվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի կրթական ծրագրերի թարմացումները նոր ներդրված առարկաների և առկա առարկաների արդիականացված ուսումնական նյութերի տեսքով։ Այս ընթացքում արդեն մշակվել են հետևյալ ձեռնարկները՝ «Պտղատու ծառատեսակների էնտոմոֆաունա և պայքար», «Պտղատու ծառատեսակների հիվանդություններ և պայքար», «Տնկարանների հիմնում և կառավարում», «Ընկուզավոր պտղատեսակների հիմնում և կառավարում», «Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում», «Պտղաբուծություն, հարակայուն գյուղատնտեսության հիմունքներ»։ Այս շարքը մշտապես թարմացվում է տարբեր աղբյուրներից հավաքագրված օգտակար և կիրառելի նյութերով՝ այս տեղեկատվությունը հասանելի դարձնելով ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար։

Ծառայություններ բաժնում առկա են ոլորտի համապատասխան փորձագետների տվյալները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի նրանց հետ կապ հաստատել և հրավիրել այգի մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով (վճարովի ծառայություն)։ Բաժնում ներկայացված են նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք մատուցում են գյուղատնտեսական տարատեսակ ծառայություններ։

Այսպիսով՝ Aygi.am-ը հնարավորություն է ընձեռում պտղաբուծության ոլորտի շահառուներին՝ մասնավորապես ֆերմերներին և ուսանողներին, ձեռք բերել ոլորտին առնչվող գիտելիքներ և տեղեկատվություն՝ շնորհիվ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում պատրաստվող տեսանյութերի և տարբեր աղբյուրներից կայքում մեկտեղված տեղեկատվական նյութերի։ Կայքը պարբերաբար համալրվում է նոր նյութերով, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելել www.aygi.am կայք։

Loading