Տիկին Նատալյայի ծաղիկների առանձնահատկությունները

Ծաղիկների մշակությունը պարզապես աշխատանք չէ․ դա ապրելակերպ է։

Նատալյա Վարդանյանը ապրում է և գյուղատնտեսությամբ զբաղվում Արարատի մարզի Ղուկասավան գյուղում: Գյուղատնտեսությունը նրա կյանքում տեղ ունի դեռևս մանկուց։ Նրա ծնողները զբաղվել են գյուղատնտեսությամբ և տարբեր տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ ու պտղատու ծառեր են մշակել։ Այս ամենը պատճառ է հանդիսացել, որ ամուսնու և երեք որդիների հետ միասին Նատալյան հիմներ 500 քմ ջերմատուն, որտեղ էլ մշակում են բազմագույն ու բազմատեսակ ծաղիկներ։ Այստեղ ծաղիկները աճում են մեծագույն սիրով․․․

1990-ականներին, երբ մեխակի մշակությունը տարածված էր Հայաստանում և Արցախում, տիկին Նատալյայի ջերմատանը աճեցրած մեխակները և մեխակի սածիլները լայն պահանջարկ էին վայելում։ 2000-ական թվականներից ջերմատունը հարստացավ վարդի տեսականիով, և վարդի մշակությունը դարձավ նրանց գործունեության հիմնական ուղղությունը։

Ծաղիկների երկարամյա մշակության և վաճառքի փորձը օգնեց տիկին Նատալյային ներկայանալ ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև վրացական և ռուսական։ Հաջողությունը շատ սպասեցնել չտվեց․ այժմ մշակում են ալստրեոմերիա բազմամյա ծաղիկները և նույնպես արտահանում Հայաստանի սահմաններից դուրս։ Վարդի և մեխակի հետ համեմատած՝ ալստրեոմերիան ավելի դիմացկուն բույս է։ Այս պահին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով արտահանում տեղի չի ունենում և սպառումը իրականացվում է տեղական ծաղկի շուկաներում։ Իր հաջողությունը Նատալյան տեսնում է նաև խելացի գյուղատնտեսության իր բանաձևի մեջ․ ամուր թելերով վանդակներ է հյուսում բոլոր ծաղիկների համար, որպեսզի ծաղիկները հենվելու տեղ ունենան և չկոտրվեն աճելու ընթացքում։ Ինչպես նաև ջերմոցում ապահովում են բույսի համար անհրաժեշտ խոնավությունը և ջերմաստիճանը (+16 աստիճան)։ Մշակության ընթացքում հմուտ գյուղատնտեսը մշտապես ստուգում է հողի հիմնային և թթվային միջավայրը ու համապատասխան սնուցումներ իրականացնում։

Loading