Չորեքշաբթի՝ 2022 թվականի մայիսի 4-ին, որպես «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) եվրոպական նախագծի մաս, Սալոնիկի գիտական կենտրոնում և տեխնոլոգիայի թանգարանում (NOESIS) տեղի ունեցավ «Աջակցություն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը նորարարական ցանցային գործիքների միջոցով» խորագրով հանդիպումը: Տեղական զարգացման կազմակերպության՝ Anatoliki S.A.-ի և Վասիլիկայի գյուղատնտեսական կոոպերատիվի համատեղ կազմակերպած հանդիպումը հաջող ընդունելության արժանացավ։
Հանդիպման բացման խոսքով հանդես եկան Թանասիս Սարակինոսը՝ Թերմիի քաղաքապետի անունից և Anatoliki. S.A.-ի գլխավոր տնօրեն Յակովոս Սարիյանիսը։
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել նորարարական ցանցային գործիքները, որոնք աջակցում են կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը և դրա արտադրանքին: Բանախոսների ելույթներում թիրախավորվում էր հենց այս ուղղությունը։
Anatoliki S.A.-ի աշխատակազմից Անաստասիա Ռիզոպուլուն (ագրոնոմիայի մագիստրոս) ներկայացրեց AGREEN նախագիծը, ներառյալ կլիմայի փոփոխության՝ գյուղատնտեսությանն առնչվող խնդիրների համառոտ վերլուծությունը: Ռիզոպուլուն նաև անդրադարձավ նախագծի ընթացքում մշակված առցանց հարթակին, դրա գործիքներին, ընթացքի մեջ գտնվող վերապատրաստման ծրագրերին և հետագա քայլերին։
CERTH հետազոտական կենտրոնի հետազոտող Արիստոտելիս Տագարակիսը, գ.թ., ելույթ ունեցավ և ներկայացրեց ճշգրիտ գյուղատնտեսության վերաբերյալ ընթացիկ հետազոտական նախագծերը և այն ուղիները, որոնցով մշակվող նորարարական գործիքներն օգնում են զբաղվել կլիմայափոխության հարցերով և հարմարվել դրան:
Տագարակիսի ելույթին հետևեցին գ.թ. Թանասիս Պատենիդիսի և CERTH-ի տնօրենների խորհրդի համագործակցող անդամ Նոտիս Արգիրիուի ելույթը, որոնք ներկայացրեցին ագրոպարենային ոլորտի Թվային նորարարության կենտրոնը և բրնձի արժեշղթան, որը INTERREG EUROPE RUMORE ծրագրի շրջանակում Կենտրոնական Մակեդոնիայի պրեֆեկտուրայի փորձնական գործողությունն է:
Բանախոսներն անդրադարձան բլոկչեյն ցանցի տեխնոլոգիայով բրնձի հետագծելիության հարթակին, որի գործարկումը նախատեսված է շուտով և պատրաստ կլինի Խալաստրայի շրջանի բրինձ արտադրողների կողմից օգտագործման համար: QR ծածկագիրը սկանավորելուց հետո սպառողը կստանա ամբողջ տեղեկությունն այն ապրանքի մասին, այս դեպքում՝ բրնձի, որը ցանկանում է ձեռք բերել (արտադրություն, պահեստավորում, փաթեթավորում, առևտուր):
Հարցուպատասխանից հետո հանդիպման առաջին մասն ամփոփվեց:
Երկրորդ մասում Սալոնիկի մրգերի և բանջարեղենի կենտրոնական շուկայի ղեկավար Թեոդորոս Պապադոպուլոսը ներկայացրեց սննդամթերքի (միրգ և բանջարեղեն) վատնման դեմ ուղղված շուկայական գործողությունները, որը հանգեցնում է օրգանական թափոնների կրճատմանը, ինչպես նաև հիշատակեց մշակված թվային հարթակի մասին, որը թույլ է տալիս շահակիցներին, ինչպիսիք են բարեգործական միությունները, հավաքել չվաճառված լրացուցիչ սննդամթերքի որոշակի քանակություն՝ հետագա օգտագործման համար:
Հաջորդ ելույթը, որն ունեցան Ագրոնոմիական գիտությունների դոկտոր և կենդանիների գծով մասնագետ Վիկի Կրիստալիդուն և Ամերիկյան գյուղատնտեսական դպրոցի անձնակազմը, վերաբերում էր ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում դպրոցի գործունեությանը՝ որպես ագրոպարենային ոլորտում ունեցած ոտնահետքը հաշվարկելու գործիք, այն է՝ Սննդի դաշինքի համացանցի (INOFA) գործունեությունը: Այս շրջանակում գյուղատնտեսության և անասնաբուծության մեջ ներդրվել են թվային փոխակերպման մի քանի տեխնոլոգիաներ՝ կապված կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության, ածխածնի ոտնահետքի հետագծման և հաշվարկի հետ:
Հանդիպման ընթացքում առցանց ելույթ ունեցան Կիլկիս քաղաքի շրջանի Մետախոչորի գյուղի ֆերմերները և Խանթի քաղաքի շրջանի Էքինոս գյուղի անասնաբույծները՝ անդրադառնալով INOFA ցանցում իրենց ունեցած մասնակցության և նշված թվային գործիքներն իրենց բուսաբուծական և անասնաբուծական արտադրության մեջ ներդնելու փորձին:
Հանդիպումը վարում էր Anatoliki S.A.-ի ծրագրավորման և հարակայուն զարգացման գծով տնօրեն Վասո Պապադոպուլուն (գիտության մագիստրոս), որը նաև առցանց հարցաշար տրամադրեց մասնակիցներին՝ լրացնելու համար:
Հանդիպմանը, ի թիվս այլոց, իրենց աջակցությունն ունեցան տեղի զարգացման ANETH կազմակերպությունը, OECON Consultants Group-ը, հետազոտողներ, գյուղատնտեսներ, գործարարներ, ուսանողներ և սպառողներ: