Դաշտային այց, Դոբրիչ, Բուլղարիա — 30.05-31.05.2022

2021 թվականից մեկնարկել է AGREEN նախագիծը, որը որդեգրել է կլիմային ուղղված գյուղատնտեսության հայեցակարգը՝ որպես գյուղատնտեսական ռազմավարությունների մշակման մոտեցում, որը կերաշխավորի պարենի ապահովության հարակայունությունը կլիմայի փոփոխության համատեքստում։
Նախագիծը իրականացվում է հետևյալ գործընկերների համագործակցությամբ՝ Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոց (Բուլղարիա), Կոնստանցայի Օվիդիուս համալսարան (Ռումինիա), Թեքիրդագի Նամիկ Քեմալ համալսարան (Թուրքիա), «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիա (Վրաստան), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամ (Հայաստան) և Արևելյան Սալոնիկի տեղական իշխանությունների զարգացման գործակալություն (Հունաստան)։

Նախագծի շրջանակում գործընկեր երկրներում իրականացվել է իրագործելիության ուսումնասիրություն, որը հիմք է հանդիսացել էնդեմիկ սորտերի վրա հիմնված մշակաբույսերի մոդելավորման մեթոդի կիրառման միջոցով Սևծովյան ավազանի երկրների համար երեք տարբեր լուծում փորձարկել Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերների փորձարարական հողակտորների վրա: Արդյունքում ակնկալվում է ստանալ կլիմային ուղղված խելացի մշակաբույսեր, որոնք հասանելի կդառնան շահագրգիռ կողմերին։

2022 թվականի մայիսի 30-ին և 31-ին տեղի ունեցավ փորձի փոխանակման առաջին այցը՝ կազմակերպված Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցի կողմից։ Յուրաքանչյուր երկրում ընտրված մշակաբույսերը փորձարկվում են երկու եղանակով՝ կլիմայի նկատմամբ խելամիտ և ավանդական եղանակներով։ Արդյունքում համեմատական վերլուծություն է իրականացվելու հասկանալու համար՝ որտեղ որ մշակաբույսը ինչ արդյունավետություն է դրսևորել: Մշակաբույսերի ցանկը, ըստ ամեն երկրի, հետևյալն է․

  • Բուլղարիա
    • Տրիտիկալե — փորձարկումը ամբողջությամբ իրականացված է, սպասում են բերքի հասունացմանը
    • Բամիա — փորձարկումը ընթացքի փուլում է, և սածիլները պատրաստ են բաց դաշտ տեղափոխելու
  • Վրաստան
    • Օրգանական ցորեն
    • Երեքնուկ
    • Ձավարեղեն, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային կուլտուրաներ (սինտրոպիկ գյուղատնտեսության մոդել)
  • Թուրքիա
    • Արևածաղիկ
    • Ընկույզ

 

Վրաստանում և Թուրքիայում կիրառվող տեխնոլոգիաներին և փորձարկման արդյունքներին կծանոթանանք առանձին այցերի շրջանակում։

Երկօրյա միջոցառման ընթացքում տեղի ունեցան ինչպես տեսական ներկայացումներ և քննարկումներ ընտրված մշակաբույսերի յուրօրինակության, կիրառման մեթոդների

արդյունավետության և հնարավորությունների մասին, այնպես էլ փորձացուցադրական այցեր դեպի մշակաբույսերի աճեցման դաշտեր։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել են բոլոր երեք երկրների ընտրված մշակաբույսերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կիրառման տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ էր ներդնել՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները։

Կարևոր է նշել, որ Բուլղարիայում փորձարարական դաշտը պատկանում էր հետազոտական ինստիտուտին և գիտափորձերի համար աջակցություն էր ստանում պետությունից։ Շուրջ 200 հա տարածքի վրա հացահատիկի տեսակներ աճեցնելու և ստանալու նպատակով իրականացվում էին տարբեր փորձարկումներ (այցի ժամանակ ավելի քան 40 տեսակ հացահատիկային մշակաբույսեր կային)։

Այս այցի ժամանակ մասնակիցները ունեցան հնարավորություն այցելելու տարածաշրջանում գործող կծու պղպեղների արտադրության և վերամշակման արտադրություն, որտեղ կիրառվում էին խելացի գյուղատնտեսության տեխնիկաները՝ բարձր որակի արտադրանք ստանալու համար։ “Hot Farm” կոչվող արտադրությունը մասնագիտացված է պղպեղների աճեցմամբ և ունի աշխարհում հայտնի ամենակծու սորտերը (սերմերի բազայում առկա էր ավելի քան 300 սերմնատեսակ աշխարհի տարբեր երկրներից)։ Ֆերման ունի իր մասնագիտացված ջերմատները, ինչպես նաև համագործակցելով այլ ֆերմերների հետ` աճեցնում են շուրջ 15-30 տեսակ կծու պղպեղներ, որոնք վերամշակում են՝ դարձնելով սոուսներ։ Այս տարի կծու պղպեղները համադրել էին մուրաբաների հետ և ստացել յուրօրինակ արտադրանք շուկային ներկայանալու համար։ Վաճառքներ իրականացնում են ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանում Հոլանդիա և Չինաստան։ Հավատարիմ մնալով խելացի գյուղատնտեսության սկզբունքներին՝ “Hot Farm”-ը կարողանում է փակել արտադրական շղթան՝ սերմից մինչև վերամշակում։

Մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնվել նաև այցելելու “խոհարարական արվեստի թանգարան” կենտրոն, որտեղ խոհարարության գլխավոր մասնագետի հետ քննարկել են, թե ինչպես կարող են մթերքներն առանց թափոնների ավելի լավ վերամշակել։ Քննարկումների արդյունքում դուրս բերվեց նաև համագործակցության հնարավորություն AGREEN նախագծով ստացված արտադրանքը առանց թափոնների վերամշակելու և սննդում կիրառելու նոր տարբերակներ փորձարկելու համար։ Նշենք նաև, որ այս կենտրոն են գալիս աշխարհի ավելի քան 30 պետություններից խոհարարության տեխնոլոգիան ու անթափոն խոհարարությունը սովորելու համար։

3.PP2_D.C.3.1_AGREEN_e-news Releases-No.3_Field Trip in Bulgaria-AM

Loading