Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության (AGREEN)

Սևծովյան ավազանի երկրներում գյուղատնտեսությունը հանդիսանում է կարևորագույն տնտեսական և սոցիալական հենասյուներից մեկը։ Այսօր գյուղատնտեսության զարգացումը ժամանակի հրամայականն է, որպեսզի լուծվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անբավարար հարակայունությունը, թույլ հարմարվողականությունը կլիմային, տարածաշրջանային ռեսուրսների թերօգտագործումը և շուկայում օրգանական արտադրանքի ոչ արդյունավետ խթանումը։
Ոլորտում վերափոխումները և Սևծովյան ավազանի երկրներում «կլիմային ուղղված խելացի» պրակտիկաների որդեգրումը պետք է տեղի ունենա արագ և կրի զանգվածային բնույթ, և դա հնարավոր է անել՝ ներգրավելով գյուղատնտեսական ոլորտի բոլոր շահագրգիռ խմբերը՝ երիտասարդ ֆերմերներ և մասնագետներ, ոլորտային բիզնես կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություններ։
Հաշվի առնելով նշված խնդիրները՝ մշակվել և մեկնարկել է AGREEN նախագիծը, որը որդեգրել է կլիմային ուղղված գյուղատնտեսության հայեցակարգը՝ որպես գյուղատնտեսական ռազմավարությունների մշակման մոտեցում, որը կերաշխավորի պարենի ապահովության հարակայունությունը կլիմայի փոփոխության համատեքստում։ Նախագիծը իրականացվում է հետևյալ կազմակերպությունների համագործակցությամբ՝ Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոց (Բուլղարիա), Կոնստանտայի Օվիդիուս համալսարան (Ռումինիա), Թեքիրդագի Նամիկ Քեմալ Համալսարան (Թուրքիա), «Էլկանա» կենսագյուղատնտեսական ասոցիացիա (Վրաստան), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (Հայաստան) և Արևելյան Սալոնիկի տեղական իշխանությունների զարգացման գործակալություն (Հունաստան)։
«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) նախագծի նպատակն է ձևավորել համագործակցության ցանցեր և ապահովել վերազգային մակարդակում գիտելիքի տարածման հիմքեր՝ այդպիսով նպաստելով կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական պրակտիկաների տարածմանը և սոցիալական բարօրության հաստատմանը, քանզի դա է էվոլյուցիան և ապագան։
Այդ նպատակով որդեգրվել է փորձառության համայնքի հիմնման մոտեցումը՝ որպես մասնագիտական փորձառության և գիտելիքի կառուցման առավել արդյունավետ միջոց։ Արդյունքում հիմնվելու է Կազմակերպությունների դաշինք՝ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համատեքստում տարածաշրջանային բրենդինգ վարելու, առցանց համագործակցելու և միմյանցից սովորելու համար։
Նախագծի շրջանակում կմշակվի Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի եղանակով ծագած և արտադրված տնտեսական ապրանքների տարածաշրջանային բրենդ։ Բրենդինգ ռազմավարության վարմանը զուգահեռ կստեղծվի վաճառքի մեծածախ և մանրածախ լոգիստիկ կենտրոնների ինտերակտիվ քարտեզ, ինչը կդյուրացնի գործընկեր երկրներում և տարածաշրջաններում հարակայուն կերպով ստացված գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը։

Էնդեմիկ սորտերի վրա հիմնված մշակաբույսերի մոդելավորման մեթոդի կիրառման միջոցով Սևծովյան ավազանի երկրների համար երեք տարբեր լուծում կթեստավորվի Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերների փորձարարական հողակտորների վրա․ արդյունքում ակնկալվում է ստանալ կլիմային ուղղված խելացի մշակաբույսեր, որոնք հասանելի կդառնան շահագրգիռ կողմերին։
Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության խթանման և Սևծովյան ավազանի երկրների հարակայուն արտադրողների միջև կապերի ապահովման նպատակով առցանց հարթակ կհիմնվի, որը կծառայի որպես տեղեկատվության առցանց գործիք՝ հավաքագրելով և տարածելով տվյալներ, ներկայացնելով կոնտակտներ և առևտրային ուղիներ, ինչպես նաև Սևծովյան ավազանում արտադրվող հարակայուն, բիո և օրգանիկ գյուղատնտեսական արտադրանքը։
Կմշակվի «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» խորագրով հիբրիդային շարժունության սկզբունքով կարճաժամկետ դասընթաց, որը կթեստավորվի ուսուցանվողների փորձնական խմբի հետ և կտեղադրվի AGREEN առցանց հարթակում։
Ծրագրի գործընկեր երկրներում կիրականացվեն իրազեկիչ միջոցառումներ, այդ թվում՝ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության վերաբերյալ երեք միջազգային բիզնես համաժողովներ՝ ներկայացնելով ծրագրի գործողությունները և հիմնական արդյունքները։
Նախագիծը ֆինանսավորվում է «Սևծովյան ավազան 2014-2020թթ․» ԵՀԳ անդրսահմանային համագործակցության համատեղ գործառնական ծրագրի՝ Առաջնահերթություն 1.2 «Անդրսահմանային հնարավորությունների մեծացում հանուն առևտրի և գյուղատնտեսության ու հարակից ոլորտների արդիականացման»-ի շրջանակում։ Նախագծի տևողությունն է 30 ամիս (01.06.2020թ․ — 30.11.2022թ․): Ընդհանուր բյուջեն կազմում է 799 279.60 եվրո (451 640 930.776 ՀՀ դրամ, InforEuro փոխարկում, հոկտեմբեր):

Loading